Կառավարությունը հաստատել է 2023 թ. խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումները
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունը հաստատել է 2023 թվականի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումները: Ըստ հիմնավորման՝ խաղողի մթերման գործընթացը կազմակերպելու և առաջիկա անելիքները կառավարելու նպատակով Վարչապետի հանձնարարությամբ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի համակարգմամբ Էկոնոմիկայի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչների, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Վայոց ձորի մարզպետների մասնակցությամբ կազմակերպվել են մի շարք աշխատանքային քննարկումներ։ Վերջին տարիներին խաղողի մթերման հետ կապված խնդիրները հիմնականում պայմանավորված էին աշխարհաքաղաքական զարգացումների հետևանքով հայկական գինեգործական արտադրանքի իրացման հիմնական շուկայի ՌԴ ռուբլու փոխարժեքի կտրուկ արժեզրկումով։ 1 ԱՄՆ դոլարի փոխարժեքը հասել է 100 ռուբլու սահմանագծին՝ տարեսկզբի նկատմամբ արձանագրելով ավելի քան 40, իսկ նախորդ տարվա այս ամիսների նկատմամբ՝ ավելի քան 50 տոկոս արժեզրկում։ Մյուս կողմից կտրուկ նվազել են կոնյակի սպիրտների արտահանման ծավալները և 2019 թ.-ին արտահանված 14.5 մլն բացարձակ լիտր կոնյակի սպիրտի ծավալները աստիճանաբար նվազելով 2022 թ.-ին հասել են 3.3 մլն բացարձակ լիտրի։ Նկատի ունենալով, որ մթերվող խաղողի ամբողջ ծավալի շուրջ 90 տոկոսն ուղղվում է կոնյակի սպիրտի արտադրությանը, իսկ 2020-2022 թթ. կազմակերպությունների կողմից մթերված խաղողից արտադրված կոնյակի սպիրտների մնացորդներն ավելացել են շուրջ 40 մլն բացարձակ լիտրով՝ կտրուկ նվազել է խաղողի նկատմամբ պահանջարկը։ Էկոնոմիկայի նախարարության մոնիթորինգի արդյունքների համաձայն՝ միայն Արմավիրի և Արարատի մարզերում մթերման ենթակա ավելցուկային խաղողի քանակը կազմում է շուրջ 45 հազար տոննա և այդ քանակության խաղողի մթերման հարցն անհրաժեշտ է լուծել աջակցության նոր գործիքակազմով։ Ընդ որում, կազմակերպությունների խնդիրները տարբեր են և աջակցության միասնական գործիքով դրանց լուծումն իրատեսական չէ։
Կառավարության որոշմամբ առաջարկվում է իրականացնել աջակցության մի շարք միջոցառումներ: Մասնավորապես, գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում 2023 թ. սեպտեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 30-ը խաղող մթերող տնտեսավարողներին վարկերը տրամադրել հետևյալ պայմաններով՝ սուբսիդավորվում է տրամադրվող վարկի տոկոսադրույքի տարեկան 11 տոկոսային կետին համարժեք մասը, յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկի մայր գումարը չի կարող գերազանցել 4 մլրդ դրամը, տրամադրվող վարկերն ունեն առավելագույնը 60 ամիս մարման ժամկետ, վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվելու է առնվազն 24 ամիս, մթերումների համար տրամադրվող վարկի չափը հաշվարկվում է խաղողի գնման այն պայմանագրերով, որոնք կնքվել են մինչև 2023 թվականի հոկտեմբերի 15-ը:
Խաղողի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսավարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում ՀՀ կառավարության կողմից 2023 թ. սեպտեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 30-ը տրամադրել մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան 2022 թ.-ին արտահանված արտադրանքի արժեքը: 6000 տոննայից մինչև 9000 տոննան ներառյալ խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին, 5000 տոննան գերազանցող մթերված յուրաքանչյուր 1000 տոննայի դիմաց տրամադրել 30 մլն դրամի չափով սուբսիդավորում: 15000 տոննա և ավելի խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին, 10000 տոննան գերազանցող մթերված յուրաքանչյուր 5000 տոննայի դիմաց տրամադրել 250 մլն դրամի չափով սուբսիդավորում: Կոնյակի սպիրտի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողից ձեռք բերել մինչև 1․0 մլն լիտր (100 %-անոց սպիրտի հաշվարկով) առնվազն 5 տարի հնացված կոնյակի սպիրտ՝ պայմանով, որ ձեռքբերված կոնյակի սպիրտի գումարով, 1 կիլոգրամը նվազագույնը 110 դրամով, Արարատի և Արմավիրի մարզպետների կողմից հաստատված ցանկերով ներկայացված խաղողագործներից կատարվում են համարժեք քանակությամբ խաղողի մթերումներ։ Արդյունքում՝ հնարավոր կլինի լուծել 2023 թ. խաղողի բերքի ավելցուկային քանակի մթերման խնդիրը, կմեղմվեն ՀՀ դրամի արժևորման հետևանքով գինեգործական կազմակերպությունների պատրաստի արտադրանքի ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը, խաղողի մթերումներ իրականացնող կազմակերպությունները հնարավորություն կունենան մատչելի պայմաններով ներգրավելու անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցներ, արձագանքելու պահանջարկի փոփոխվող պայմաններին, դիմակայելու արտաքին մարտահրավերներին և շարունակելու բնականոն գործունեությունը։
Թեմայի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակում, քննարկվել են միջոցառումները լավարկելու, արդյունավետությունը բարձրացնելու, վերահսկողություն իրականացնելու, տրամադրվող աջակցության հասցեականությունն ապահովելու վերաբերյալ հարցեր:
Ամփոփելով քննարկումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման հետ կապված ոլորտում առկա են մեծ խնդիրներ: «Արդյունավետության հետ կապված հարցերը պետք է կարողանանք լուծել, ուղղակի փող տալով չենք կարող լուծել: Քննարկումների ժամանակ, այդ թվում՝ մարզպետարանների աշխատակազմերի հաշվետվությունների, բոլորը շատ գոհ են, օրինակ՝ աշնանացան ցորենի ծրագրից, բայց երբ հարց եմ տալիս՝ ինչքա՞ն գումար ենք տվել և ինչքանի՞ ցորեն ենք ստացել, պարզվում է՝ ինչքան գումար տվել ենք, այնքանի էլ մոտավորապես ցորեն ենք ստացել: Զրոյական ՕԳԳ-ով գործողություն ենք անում: Այսինքն՝ ի՞նչ նոր գիտելիք ենք տալիս, ի՞նչ նոր մոտիվացիա ենք տալիս, ի՞նչ նոր արժեք ենք բերում երկրին: Դարձյալ ընկնում ենք նույն շրջափուլերի մեջ, սա խնդիր է»,-ասել է վարչապետը:
Գործադիրն ընդունել է նաև որոշում, որով առաջարկվում է 2023 թ. խաղողի ավելցուկային բերքի մթերման գործընթացը կազմակերպելու նպատակով «Հայ-Ալմաստ» ՓԲԸ-ին բյուջետային վարկ տրամադրել և սահմանել գնման գործընթացի առանձնահատկությունները: Ըստ այդմ՝ ընկերությանը կտրամադրվի 2 մլրդ դրամ բյուջետային վարկ տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով, 2 տարի մարման ժամկետով՝ հայկական կոնյակի սպիրտի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունից առնվազն 5 տարի հնացված մինչև 1.0 մլն լիտր (100 %-անոց սպիրտի հաշվարկով) հայկական կոնյակի սպիրտ ձեռք բերելու համար։ Որոշմամբ hաստատվել է նաև հայկական կոնյակի սպիրտի գնման տեխնիկական բնութագիրը:
Մեկ այլ որոշմամբ էլ հաստատվել է 2023 թ.-ին խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը: Ըստ այդմ, մասնավորապես, բյուջետային երաշխիքները տրամադրվում են ծրագրի շրջանակներում խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին՝ 2023 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվող վարկերի համար, իսկ տրամադրվող բյուջետային երաշխիքի գումարը չպետք է գերազանցի ՖԿ-ի կողմից տրամադրվող վարկի գումարի 50%-ը, բայց ոչ ավելի, քան 2022 թվականին արտահանված արտադրանքի արժեքի չափը: Բյուջետային երաշխիքները կարող են տրամադրվել առանց ապահովման լրացուցիչ միջոցների, խաղողի վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին խաղողի մթերումների համար բյուջետային երաշխիքները տրամադրվում են առավելագույնը մինչև քառասունհինգ ամիս մարման ժամկետով: Յուրաքանչյուր շահառուին և «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն իր հետ փոխկապակցված իրավաբանական անձանց 2022 թ.-ին տրամադրված և 2023 թ.-ին տրամադրվող բյուջետային երաշխիքների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 4 մլրդ դրամը: Հաստատվում է նաև բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը, ըստ որի՝ բյուջետային երաշխիքից կարող են օգտվել 2022 թ.-ին արտահանումներ իրականացրած այն շահառուները, որոնք ունեն դրական վարկային պատմություն և դիմումի ներկայացման նախորդող օրվա դրությամբ չունեն ժամկետանց հարկային պարտավորություններ (առանց դրոշմանիշային վճարի)։
Լոնդոնում ՀՀ դեսպանության համար նոր շենք ձեռք կբերվի
Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Լոնդոն քաղաքում Հայաստանի Հանրապետության դեսպանության համար ծառայողական շենք ձեռք բերելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը պահուստային ֆոնդից հատկացնել 16,670,800 ֆունտ ստերլինգին համարժեք դրամ: Ըստ հիմնավորման՝ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը 1992թ.-ից ի վեր տեղակայված է Լոնդոնի Հայ տան կողմից տրամադրված շենքում, որը դեսպանությանը տեղեկացրել է 2024 թ. տարածքը ազատելու անհրաժեշտության մասին: Տվյալ շինությունում ՀՀ դեսպանությունը զբաղեցնում է երկու փոքր սենյակ, ինչը մշտապես զգալիորեն սահմանափակել է դեսպանության աշխատանքային հնարավորությունները: 2023թ. ապրիլ ամսից Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության կողմից բանակցություններ են իրականացվել Լոնդոնի 31 Ա Սեյնթ Ջեյմս հրապարակում տեղակայված անշարժ գույքի ձեռքբերման նպատակով: Անշարժ գույքը գտնվում է Լոնդոնի կենտրոնական մասում, մի շարք դեսպանությունների, Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի, ՄԹ արտաքին գործերի նախարարության (Foreign Office), ՄԹ խորհրդարանի և ՄԹ վարչապետի, պաշպանության նախարարության, անվտանգության խորհրդի և այլ պետական մարմինների հարևանությամբ, որոնց հետ դեսպանությունն իր գործունեության ընթացքում գտնվում է ակտիվ կապի մեջ: Շենքը ձեռք է բերվելու սեփականության իրավունքով: Այն ունի պատմամշակութային գրանցում, գտնվում է Լոնդոնի ամենաներկայանալի վայրերից մեկում, կազմված է 5 հարկից (նկուղայինով՝ 6), ունի ընդունելության սրահ: Պետք է հաշվի առնել նաև, որ Լոնդոնը հանդիսանում է աշխարհի ամենագրավիչ անշարժ գույքի շուկաներից մեկը և անշարժ գույքի ձեռքբերումը կարող է դիտարկվել որպես շահավետ երկարատև ներդրում։ Դեսպանության շենքի ձեռքբերումը կխթանի համագործակցությունը երկրների միջև, կնպաստի ՀՀ վարկանիշի բարձրացմանը և կապահովի դեսպանության բնականոն աշխատանքների իրականացումը:
Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Նախագծում էլ էի կարդացել, որ դեսպանատանն առաջարկվել է դուրս գալ տարածքից: Մենք վաղուց էին ուզում դուրս գալ այդ տարածքից: Ճիշտ է, անձամբ չեմ եղել այնտեղ, բայց նրանք, ովքեր եղել են՝ պատմում են, և այն լուսանկարները, որ տեսել եմ, ամենայն հարգանքով և շնորհակալությամբ այն մարդկանց, ովքեր այդ տարածքը տրամադրել են, բայց, կներեք, իրան հարգող պետությունը չի կարող այդ տարածքը համարել դեսպանատուն: Իմ կարծիքն այդ է: Ցավոք, մենք շատ տեղերում այդ խնդիրն ունենք: Իմ անձնական դիրքորոշումն է եղել, որ մենք բոլոր տեղերում պետք է ունենանք պատշաճ դեսպանատներ: Դա չի կարելի և անթույլատրելի է: Անհասկանալի է, որ մենք Մեծ Բրիտանիայում մինչև այսօր այդ վիճակում ենք»:
Կառավարության ղեկավարի դիտարկմամբ՝ պետք է այս իրականության հետ առերեսվել և այս հարցերը հերթով լուծել: «Դեսպանատան շենքի ընտրությունը շատ նուրբ գործ է: Կախված է՝ որ թաղամասում ենք, ինչ է կոչվում այդ թաղամասը, այդ փողոցը, ինչ համարում ունի այդ քաղաքի, բնակավայրի և երկրի բնակչության շրջանում, դիվանագիտական շրջանակներում, բիզնես շրջանակներում: Դրանից շատ բան է կախված, ընդհուպ ամենապարզ բանը՝ հրավերներին կարձագանքեն, թե չեն արձագանքի և ինչ ծավալով կարձագանքեն և ինչպես կընկալեն և՛ երկիրը, և՛ երկրի դիվանագիտական ծառայությունը: Ես շատ ուրախ եմ: Նրանք, ովքեր կասեն, որ թանկ է, հայտնի ասացվածք կա՝ «մենք այդքան հարուստ չենք, որ էժան բան առնենք»: Մենք միշտ դրանով ենք առաջնորդվել՝ սկսած Պարեկային ոստիկանության հիմնադրումից: Այն ժամանակ ասում էին՝ տեսնեք ինչ մեքենաներ կան, բերենք հավաքեն, ես ասել եմ՝ ոչ, եթե մենք ծառայություն ենք հիմնադրում, ուրեմն պետք է առնենք նոր, լավ մեքենաներ: Նույն սկզբունքը մենք հիմա փորձում ենք կիրառել դպրոցներում, մանկապարտեզներում, առողջապահական կենտրոններում, որովհետև այդ ամեն ինչն ի վերջո մեր երկրի, կառավարության վերաբերմունքն է սեփական երկրի վարկանիշի և ի վերջո վերաբերմունք է քաղաքացիների նկատմամբ: Թանկ է, պետություն ունենալը թանկ է, ով է ասել, որ պետություն ունենալն էժան է: Եվ մենք պետք է այս ճանապարհով շարունակենք»,-նշել է վարչապետը:
Հավանության է արժանացել Համաշխարհային առևտրի կենտրոն կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագիրը
Կառավարությունն ընդունել է Համաշխարհային առևտրի կենտրոն (WORLD TRADE CENTER (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրին հավանություն տալու և «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրմանը մասնակցելու մասին» որոշում: Ներդրումային այս ծրագիրը ներկայացրել է «Ռենշին» ՍՊԸ-ն, որը նախատեսում է իրականացնել Երևանի Սարյան 22 հասցեում գտնվող շենքում: Ծրագրով նախատեսվում է ստեղծել կոնֆերանս դահլիճներ՝ միջազգային ֆորումների, գագաթնաժողովների և այլ միջոցառումների իրականացման համար, մշակութային հարթակ՝ համերգասրահ, ցուցասրահներ ժամանակակից արվեստագետների համար, «EXPO» սրահ, գործարար կենտրոն՝ նոր ստարտափների, նախաձեռնությունների և գործարար ակտիվության ծավալելու համար, զբոսաշրջության նոր լոկացիա՝ այս վայրը կձևափոխվի հյուրերի հետ շրջանցման ենթակա վայրից այցելության համար պարտադիր վայր։ Ծրագրի նպատակներից է հասնել որակի բացառիկ մակարդակի՝ Հայաստանի շուկայում ձևավորելով քաղաքաշինության նոր չափանիշներ, և նպաստել Հայաստանի առաջխաղացմանը միջազգային մակարդակում։ Համայնքում իրականացվելիք կանաչ շինարարությունը և ճարտարապետությունը ուղղված կլինեն նվազեցնելու կամ մեղմելու շենքերի և շինությունների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ այդ ընթացքում շինությունները պահելով հարմարավետ, առողջության համար անվտանգ և դիմացկուն: Ծրագրով առաջարկվում է դիտարկել միջազգային բրենդով բարձրակարգ 4 հյուրանոցի կառուցումը 180 սենյակներով՝ հաշվի առնելով պահանջարկի զգալի աճը և առկա բավականին կայուն առաջարկը։ Կառուցվածքը՝ 8,370 քմ հյուրանոցի ընդհանուր մակերես (180 սենյակ)։ Ծրագրի ընդհանուր գնահատված արժեքը կազմում է մոտ 212 մլն ԱՄՆ դոլար։ Ուղղակի ստեղծվող աշխատատեղեր կլինեն՝ ոչ պակաս քան 10 000 աշխատող: Էականորեն կավելանան համայնքի բյուջե վճարվող գույքային հարկերը:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել. «Ուզում եմ ներկայացնել, թե ինչու է կառավարությունը հետաքրքրված այս ծրագրով։ Ըստ էության, Երևանի՝ Սարյան փողոցի «ՀայՓոստ»-ի շենքի փոխարեն, Սարյան և Պարոնյան փողոցների միջնամասում կստեղծվի մեծ համալիր շենք։ Իմ գնահատմամբ և կարծիքով՝ երրորդ հանրապետության պատմության մեջ այդ մասշտաբի շենք չի կառուցվել։ Սա որպես ներդրումային ծրագիր: Բայց ինչպես նշվեց՝ Առևտրի համաշխարհային կենտրոնը ցանց է, այսպես ասած բիզնես դրոշակների, ուղենիշների ցանց է ամբողջ աշխարհում։ Եվ մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում նույնպես այդ դրոշակը տեղադրված լինի համաշխարհային բիզնես քարտեզի վրա։ Հաջորդ հարցը հետևյալն է՝ ինչո՞ւ ենք մենք այս ծրագիրն իրականացնում «Ռենշին» ընկերության հետ, որովհետև «Ռենշին» ընկերությունն է այս նախագիծը բերել և այդ ընկերությունն է համաշխարհային առևտրի կենտրոն ցանցի անդամ հանդիսանում։ Ամբողջ շինարարության և ծրագրի գործարկման ավարտին՝ կառավարությունը կունենա մոտ 20 տոկոս բաժնեմաս, որը կարող է տնօրինել ցանկացած ձևով, այսինքն՝ որևէ սահմանափակում այդ բաժնեմասը տնօրինելու մենք չունենք»:
Վարչապետը հավելել է, որ ճարտարապետական նոր որակ, շինարարության նոր ստանդարտներ, նոր փորձառություն ունենալը շատ կարևոր և էական են Հայաստանի համար. «Եվ, իհարկե, այս մասշտաբի ներդրումը նաև լուրջ ազդակ է Հայաստանում համապատասխան ներդրումային միջավայրի գոյության մասին»։
Նշվել է նաև, որ ծրագրից ակնկալվող եկամուտները նախատեսվում է ուղղել «ՀայՓոստի» զարգացմանը:
Վարժական հավաքներ՝ հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ
Կառավարության որոշմամբ հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 2059 քաղաքացու, որոնցից 1875-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 99-ը` ավագ ենթասպայական կազմի, 85-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով: Վարժական հավաքների ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի մինչև 152 միավոր տրանսպորտային միջոց՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 7 օրացուցային օր ժամկետով:
Գործադիրն ընդունել է ռազմական դրության ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանց համարժեք փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ որոշում: Ըստ այդմ՝ հաստատվում են ռազմական դրության և զորահավաքի շրջանակում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավված տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց այդ տրանսպորտային միջոցների սեփականատերեր հանդիսացող թվով 88 ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող փոխհատուցումների չափերը, նախատեսվում է անհրաժեշտ գումարը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել ՀՀ պաշտպանության նախարարությանը։
Խթանվում է ավիացիայի ոլորտում ուսումնական հաստատությունների ներդրումը
Գործադիրը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝
քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման ու համատեղ օգտագործման աերոդրոմների օգտագործման ընթացակարգային հարցերի կարգավորման նպատակով։ Ըստ հիմնավորման՝ ներկայումս «Արզնի» օդանավակայանը ներառված է ռազմական օդանավակայանների ցանկում և գտնվում է ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության ներքո։ «Արզնի» օդանավակայանը, ընդգրկելով քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման աերոդրոմների ցանկում, հնարավորություն կընձեռվի զարգացնելու ՀՀ-ում փոքր ավիացիայի ոլորտը։ Ներկայումս հանրապետությունում փոքր և ուսումնական ավիացիայի ոլորտում շահագործվող օդանավերն ունեն խնդիրներ օդանավերի բազավորման հարցում և որոշման ընդունումը կնպաստի տվյալ հարցի կարգավորմանը։ Այն կնպաստի նաև ուսումնական ավիացիայի զարգացմանը, ինչպես նաև կարող է ներդրողների համար ստեղծել գրավիչ միջավայր։
Պանամայի քաղաքացիներն առանց մուտքի վիզայի կարող են այցելել Հայաստան
Գործադիրն ընդունել է որոշում, որով կթույլատրվի Պանամայի Հանրապետության քաղաքացիներին այցելել և մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից: Այն կնպաստի Հայաստանի և Պանամայի միջև քաղաքացիների այցելությունների և զբոսաշրջության զարգացմանը, գործարար կապերի խթանմանը: Ըստ հիմնավորման՝ Հայաստանի և Պանամայի հետ մուտքի վիզային ռեժիմի վերացումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության և այդ երկրի միջև համագործակցային հարաբերությունների զարգացման և ամրապնդման քայլերով: Այն նաև փոխադարձում է Պանամայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման որոշմանը։ Պանամայի կողմից միակողմանի հանված է վիզային պահանջը մոտ 40 պետությունների, այդ թվում նաև Հայաստանի պարագայում։ ՀՀ-ն ինչպես սովորական, այնպես էլ դիվանագիտական և ծառայողական անձնագրերով առանց մուտքի վիզայի ռեժիմ ունի Հարավային Ամերիկայի մի շարք երկրների, մասնավորապես՝ Արգենտինյան Հանրապետության, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության, Ուրուգվայի Արևելյան Հանրապետության և Էկվադորի Հանրապետության հետ, ինչպես նաև կնքել է դիվանագիտական անձնագրեր կրող քաղաքացիների դեպքում մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիր Մեքսիկական Միացյալ Նահանգների և Չիլիի Հանրապետության հետ: Աշխատանքներ են տարվում Պերույի հետ բոլոր տեսակի անձնագրերի պարագայում վիզային ռեժիմի վերացման մասին համաձայնագրի կնքման ուղղությամբ: Միաժամանակ, համապատասխան միջոցառումներ են իրականացվում տարածաշրջանի այլ պետությունների հետ նման համաձայնագրերի կնքման ուղղությամբ։
Կվերականգնվի Արաքս գետի հայկական կողմի ողողված պատնեշը
Գործադիրը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ, լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում. Արարատի մարզի Արաքսավան և Բուրաստան համայնքների Արաքս գետի նախկին հունի և համապատասխան սահմանանշանի մոտակայքում Արաքս գետի հայկական կողմի մոտ 130 մ երկարությամբ և 8 մ խորությամբ ողողված պատնեշի վերականգնման աշխատանքներ կիրականացվեն: Ըստ հիմնավորման՝ ավազահանքի շահագործման հետևանքով Արաքս գետի հայկական կողմում 8 մ խորությամբ հողապատնեշը ողողվել է, իսկ մի տարածքում էլ փոխվել է Արաքս գետի նախկին հունը, Արաքսը հոսում է Հրազդան գետի հունով: Համաձայն 1973 թ. վերասահմանանշման, Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանը անցնում է Արաքս գետի նախկին հունով, որը փոփոխման հետևանքով ներկայումս ջրազրկվել և պատվել է խիտ թփուտներով ու ծառերով: Արաքս գետի նախկին և ներկայիս հուների միջև առաջացել է մոտ 400 հա մակերեսով «կղզի», որը ամայացել է և գյուղատնտեսական նպատակներով չի օգտագործվում: Արաքս գետը Հրազդան գետի հունով հոսելու հետևանքով Հրազդան գետի ձախ ափը վտանգված է, հեղեղների ժամանակ տեղի են ունենում փլուզումներ, որոնք կարող են ափամերձ տարածքի և սահմանային կառույցների ողողման պատճառ դառնալ: Աշխատանքների կատարման արդյունքում նախատեսվում է մոտ 6.5 կմ երկարության վրա վերականգնել Արաքս գետի նախկին հունը համապատասխան սահմանային նշանների հատվածում և խուսափել հետագա փլուզումներից: 2022 թ.-ից մեկնարկել է օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման գործընթացը, որի համաձայն շինարարական աշխատանքների համար պահանջվում է 378,251.2 հազար դրամ, տեխնիկական հսկողության ծառայությունների համար՝ 4,917.3 հազար դրամ, հեղինակային հսկողության ծառայությունների համար՝ 1,513.0, ընդամենը՝ 384,681.5 հազար դրամ։ Այս տարվա ընթացքում նախատեսվում է իրականացնել շինարարական աշխատանքների 50 տոկոսը:
Երևանում գտնվող պետական գույքերն առաջարկվում է օտարել մրցույթով
Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, քաղաք Երևան, Կենտրոն, Արշակունյաց 4/1 հասցեում գտնվող գույքն օտարել մրցույթով: Գույքի վաճառքի նվազագույն գին սահմանվել է 25 000 000 000 դրամ։ Անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված, հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը կազմում է 19 146 800 000 դրամ։ Հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 5 881 808 712 դրամ:Մրցույթին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի վաճառքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով՝ 1 250 000 000 դրամ, որը մրցույթի հաղթող ճանաչված մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է ՀՀ պետական բյուջե։
Մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է Երևան, Ավան, Խուդյակովի փողոց 1 գիտահետազոտական ինստիտուտ հասցեում գտնվող անշարժ գույքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը ևս օտարել մրցույթով: Գույքի վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 322 500 000 դրամ։ Մրցույթին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի վաճառքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով՝ 16 125 000 դրամ, որը մրցույթի հաղթող ճանաչված մասնակցի համար համարվում է Գույքի վաճառքի գնի մաս և Գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է ՀՀ պետական բյուջե։
Կկարգավորվի գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը
Գործադիրը հավանություն է տվել 2023 թ. հունիսի 8-ին Սոչիում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համաձայնագիրը հանդիսանում է մինչև 2025 թ. եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ստրատեգիական ուղղությունների իրականացման պլանի միջոցառումներից մեկը: Փաստաթղթի վավերացմամբ կկարգավորվի գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը՝ աշխատանքի տեղավորման պետությունում աշխատանքային միգրացիայի ոլորտում մասնագիտական գործունեության իրականացման հասանելիությունն այդ փաստաթղթերն ունեցող անձանց համար ապահովելու նպատակով։
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասում բնակվող երեխաների ուսումնական գործընթացն անխափան և հարմարավետ կազմակերպելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Հիմնավորման համաձայն՝ Աբովյան քաղաքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործում են 3 ավագ դպրոց և 1 կրթահամալիր, իսկ ՀՀ Կոտայքի մարզպետարանի ենթակայությամբ՝ 5 հիմնական դպրոց։ Աբովյանի Արթուր Վանոյանի անվան թիվ 6 ավագ դպրոցը գտնվում է Աբովյան քաղաքի ծայրամասում՝ Սարալանջ թաղամասում, ունի 1067 սովորող: Ավագ դպրոցը համարվում է թերբեռնված: Իսկ քաղաքում գործող հիմնական դպրոցները գերբեռնված են և երեխաների ընդունելությունը կազմակերպելիս հաճախ առաջանում են դժվարություններ: Ըստ այդմ, նախարարությունն առաջարկում է փոփոխել թիվ 6 ավագ դպրոցի գործունեության առարկան և ենթակայությունը և սահմանել, որ դպրոցի գործունեության առարկան 1-ին աստիճանի՝ (1-4-րդ դասարաններ) և 2-րդ աստիճանի՝ (5-9-րդ դասարաններ), հանրակրթական հիմնական և լրացուցիչ ծրագրերի իրականացնում է: 2024-2025 ուսումնական տարվանից ավագ դպրոցի 10-րդ դասարանում սովորողների ընդունելություն չկատարել՝ մարման կարգով ապահովելով 11-12-րդ դասարանների սովորողների ուսումնառության բնականոն ընթացքը։
Օրենսդրական նախաձեռնություններ
Կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի կարգավորման առարկան է հանդիսանում առանձին կատեգորիայի ապրանքների զննման և հաշվառման համար պետական տուրքի տարբերակված դրույքաչափերի սահմանումը։ Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է սահմանել ներմուծված և արտահանվող՝ առանձին կատեգորիայի ապրանքների համար մաքսային մարմինների կողմից իրականացվող գործառնությունների համար վարչարարական ծախսերին համարժեք պետական տուրքի դրույքաչափեր։
Գործադիրը հավանություն է տվել «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է «Մաքսային կարգավորման մասին» օրենքում «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագրով ազգային օրենսդրությանը վերապահված համապատասխան դրույթի սահմանում: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է մաքսային մարմինների կողմից իրականացվող հսկողության արդյունավետության աճ։
Կառավարության հավանությանն է արժանացել «Ներքին աուդիտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին և ներքին աուդիտորներին ներկայացվող պահանջները հստակեցնելու անհրաժեշտությամբ: Միաժամանակ, ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի նշանակման գործընթացն ավելի արդյունավետ, ճկուն ու նպատակամետ դարձնելու նպատակով նախագծով նաև նախատեսվում է ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի նշանակման սահմանափակումների մասով սահմանել որոշակի բացառություններ: