Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Համահայկական 8-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությանը
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 19-ին ներկա է գտնվել Համահայկական 8-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությանը, որը տեղի է ունեցել Գառնիի տաճարում:
Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, կառավարական կազմկոմիտեի անդամներ, ՀԽՀԿ ներկայացուցիչներ, մարզիկներ, պատվիրակությունների անդամներ։
«Միասնություն սպորտով» կարգախոսի ներքո Համահայկական 8-րդ խաղերին մասնակցել են 41 երկրների 181 քաղաքների ավելի քան 7000 մարզիկներ։ Մարզիկները մրցանակային տեղերի համար պայքարել են 19 մարզաձևում։ Խաղարկվել է մեդալների 107 հավաքածու։ Մրցումները սպասարկել են շուրջ 500 մրցավարներ։
Ընդհանուր առմամբ մեդալներ են նվաճել 15 պետությունների 48 քաղաքներ։ Ամենաշատ մեդալները բաժին են հասել Երևանի պատվիրակներին։ Համահայկական խաղերի ընթացքում սահմանվել են մի քանի մրցանակներ: Այսպիսով՝ Համահայկական խաղերի գեղեցկուհի մրցույթում հաղթող է ճանաչվել ԱՄՆ Բևերլի Հիլզ քաղաքի բասկետբոլիստուհի Աննա Ասլանյանը, Լավագույն պատվիրակություն է ճանաչվել Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի պատվիրակությունը, Արդարացի խաղ անվանակարգում հաղթող է ճանաչվել Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքի պատվիրակությունը, Համահայկական խաղերի հայտնություն անվանակարգում հաղթել է Ղազախստանի թիմը, Մարզական ոգի և արիություն անվանակարգում հաղթող է ճանաչվել Ստեփանակերտի թիմը։ Լավագույն քաղաք անվանակարգում հաղթել է Լոնդոնի թիմը, նույն անվանակարգի մյուս հաղթողը Արթիկն է։
Համահայկական խաղերին աջակցել են շուրջ 2000 կամավորներ: Փակման հանդիսավոր միջոցառման ժամանակ չորս կամավորների օգնությամբ իջեցվել է Համահայկականի դրոշը, մարվել համահայկական ամառային 8-րդ խաղերի ջահը։