1 Nouvel Hay Magazine

Նախագահ Պերճ Սեդրակյանի ուղերձը ՀԲԸՄ 92-րդ Ընդհանուր ժողովի ընթացքում

Նախագահ Պերճ Սեդրակյանի ուղերձը ՀԲԸՄ 92-րդ Ընդհանուր ժողովի ընթացքում

Ձերդ գերազանցություն, ՀՀ Նախագահ, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս, պրն Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար, ՀԲԸՄ անդամներ և ընկերներ

Այսօր ես՝ ՀԲԸՄ անդամների, աջակիցների ու բարեկամների հետ այտեղ եմ՝ Հայաստանի սրտում՝ մայրաքաղաք Երևանում։ Շատերս անցել ենք այս հսկայական ճանապարհը, որպեսզի երկարատև դադարից հետո նորից անձամբ հանդիպենք մեկ վայրում: Սակայն, առավել կարևոր է նշել, որ մենք այստեղ ենք՝ մեր աջակցությունը ցուցաբերելու Հայաստանի ժողովրդին, որը դեռ համառորեն պայքարում է անորոշության դեմ։

Նախորդ երկու՝ աղետալի և կորստով լի տարիներին, երբ մենք Հայաստանում տրամադրում էինք մարդասիրական օգնություն և կատարում վերականգնողական աշխատանքներ, մեզ բախտ վիճակվեց ծանոթանալ հարյուրավոր հայերի և նրանց ընտանիքների հետ:

Այդ մտերիմ հանդիպումները մեծ հույսով ու վճռականությամբ լցրեցին մեր սրտերը։  Այդ հույսն անցյալից եկող խորհուրդ ունի. հայի աննկուն ոգին նոր ուժ է ստանում հենց այն ժամանակ, երբ թվում է՝ մենք ամենաթույլն ենք:

Ես, ՀԲԸՄ-ն նկարագրելիս, բազմիցս, մեր նախորդ Ընդհանուր ժողովի ընթացքում ևս, օգտագործել եմ «եռանդուն» և «արդիական» բնութագրիչները: «Եռանդուն», քանի որ ՀԲԸՄ-ի աշխատանքային մշակույթը լի է ստեղծագործ, լավատեսական և ապագային նայող մոտեցումներով: «Արդիական», քանի որ մենք շտապում ենք կիրառել նորարարական մոտեցումներ, որպեսզի բավարարենք նոր սերնդի կարիքներն ու քայլենք ժամանակին համընթաց։

Թեև այս հատկանիշները կարևոր են, շատերը, թերևս, կհարցնեն՝ արդյոք «եռանդուն» լինելն ու «արդիականությունը» բավարար են՝ հաշվի առնելով վերջին երկու տարիներին կատարվածն ու այն փորձությունները, որոնց ենթարկվեց հայ ազգը։ Սեպտեմբերի սկզբին, երբ Ադրբեջանը հերթական անգամ հարձակվեց Հայաստանի ինքնիշխան հողի վրա, մեր հայրենիքի ապագային վերաբերող մտահոգությունները մի նոր թափ ստացան։ 

Հայաստանը կրկին հայտնվել է պատմական թշնամիների ագրեսիայի թիրախում։ Միևնույն ժամանակ, մեր երկրին առնչվող այս օրհասական խնդիրները տեղ չեն զբաղեցնում մեզ բարեկամ ու դաշնակից մի շարք երկրների օրակարգերում, որի հետևանքով մենք մեզ զգում ենք մեկուսացած և անօգնական։

Չնայած այս ամենին, ես այսօր հաստատակամ կանգնած եմ այստեղ՝ վստահ, որ կարող ենք հաղթահարել այս կործանիչ մտածողությունը՝ պարզապես մեզ հիշեցնելով, թե ով ենք մենք։ Հազարամյակների միջով անցած մեր ապրելու կամքն աննկուն է:

Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ամբարտավան լինենք։ Սա դժվարին պայքար է, որը պահանջում է օգտագործել մեր բոլոր լծակները, առավելությունները, փորձագիտական ​​ոլորտին առնչվող հմտությունները՝ պաշտպանելու մեր ազգի՝ ազատ և անկախ գոյության իրավունքը: Դա նշանակում է, որ պետք է մի կողմ դնենք տարակարծություններն ու միավորենք մեր ողջ ներուժը՝ առավելագույն արդյունքի հասնելու համար: Մենք չենք կարող մեզ թույլ տալ կողմնակալ լինել, կամ ընկնել վրեժխնդրության հետևից։ Պետք է միավորենք ու գործի դնենք մեր ռեսուրսները: Եվ այս ամենից վեր՝ կարևոր է զարգացնել հայրենիքի և Սփյուռքի միջև առողջ և փոխադարձ հարաբերությունները:

Վերջին տարիների փորձությունները ցույց տվեցին, որ, ի վերջո, հայն իր հույսը պետք է դնի միայն հայի վրա։ Այո, մենք լիահույս ենք, որ Ռուսաստանի և արևմտյան տերությունների միջնորդությամբ իրականացվող քաղաքական գործընթացները և Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև ընթացող դանդաղ, բարդ բանակցությունները կհանգեցնեն արդար լուծման։ Հուսով ենք, որ մեր սահմաններին վերաբերող ընթացիկ բանակցությունները և տարածաշրջանում տրանսպորտային ուղիների բացումը կբխի մեր հայրենիքի ինքնիշխանության և, առաջին հերթին, մեր ժողովրդի անվտանգության շահերից։ Այնուամենայնիվ, մենք չպետք է թույլ տանք, որ Հայաստանի անբարենպաստ դրությունը թուլացնի մեզ ու խոչընդոտի մեր հայրենիքի տարածքային ամբողջականությունն ամեն գնով պաշտպանելուն։

Մի որոշում կա, որը պետք է կայացնենք առանց օտար պետությունների միջամտության։ Այն պետք է կայացնենք միասին և անհապաղ։ Մենք պետք է որոշենք՝ արդյոք պատրա՞ստ ենք դիմակայելու ցանկացած մարտահրավերի։ Պատրա՞ստ ենք համագործակցել, միասին աշխատել։ Կարո՞ղ ենք վստահել միմյանց, որ յուրաքանչյուրս կանի այն, ինչ բխում է մեր ազգի ապագայի շահերից՝ զերծ խմբակենտրոն շահերից և երեսպաշտությունից:

Ստեղծված իրադրությունն իսկապես վտանգավոր է, և մենք փոփոխության կարիք ունենք։ Մենք առաջին հերթին պետք է փոխենք ոչ թե արտաքին ուժերի մոտեցումն այս հարցին, այլ այն, թե ինչպես ենք մենք փոխգործակցում միմյանց հետ:

Գիտակցելով պահի լրջությունը՝ ՀԲԸՄ-ն կոչ է անում համայն հայությանը ակտիվ ներգրավվածություն ցուցաբերել և համապատասխան ոլորտներում ունեցած փորձագիտական ներուժն ու ահռելի վճռականությունը ծառայեցնել ի նպաստ հայրենիքի:

Մենք կոչ ենք անում Հայաստանի քաղաքական գործիչներին մի կողմ դնել իրենց կուսակցական շահերը՝ վերականգնելու քաղաքացիների վստահությունն ու լավատեսությունը։ Մենք կցանկանայինք տեսնել, որ կառավարությունն իրականացնում է կայուն, համակարգված քաղաքականություն՝ առաջին հերթին մշակելով դիվանագիտական մոտեցումներ, որոնք տարածաշրջանում կվերասահմանեն Հայաստանի դերը։ Մենք կցանկանայինք տեսնել բովանդակալից և առարկայական սոցիալ-տնտեսական ծրագրեր՝ ուղղված երկրի ենթակառուցվածքների ամրապնդմանը։

Առաքինի և գործնական մոտեցում ցուցաբերելով՝ ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձինք կարող են նոր հիմք ստեղծել բարգավաճ և ապահով Հայաստան կերտելու համար: Մենք գտնվում ենք այնպիսի օրհասական իրավիճակում, երբ կառավարությունը, կազմակերպություններն ու հաստատությունները չեն կարող իրենց թույլ տալ գործել մեկուսացած:

Հայ Եկեղեցին նույնպես առանցքային դեր ունի Հայաստանի հասարակության զարգացման գործում։ Մենք աջակցում ենք մեր ազգային եկեղեցուն, որն իր մեջ կրում է մեր հոգևոր ծագման և ազգային առանձնահատկությունների արտացոլանքը։ Երբ Հայաստանը ձեռք բերեց իր անկախությունը և փակեց խորհրդային ժամանակների աշխարհիկության էջը, լուսահոգի Վազգեն Ա Վեհափառը մեզ հիշեցրեց, մեջբերում եմ․ «Պատմության ընթացքում մեկ ազգ, մեկ միասնական պետություն և մեկ եկեղեցի կարգախոսի ներքո հայ ազգն ու Հայ Եկեղեցին միասնական պայքարի ընթացքում իմաստավորեցին միմյանց գոյությունն ու զորեղացրին միմյանց։ Ներկայում, Անկախության հռչակագրով այս գաղափարն ավելի իմաստավորվեց»։

Ըստ էության, Հայաստանի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված Գերագույն խորհրդի անդամների կողմից ընդունված առաջին իրավական ակտերից մեկում Հայ Առաքելական Եկեղեցին ճանաչվել է որպես հայ ժողովրդի պատմական եկեղեցի և ազգապահպանման մեջ կարևորագույն դեր ունեցած հաստատություն։ Եկե՛ք չմոռանանք այդ խորհրդանշական պահերը։ Եկե՛ք դասեր քաղենք դրանցից և համախմբվենք մեկ նպատակի շուրջ։

ՀԲԸՄ-ն հավատարիմ է մնում հայ ազգի զարգացմանը նպաստող հաստատություններ կառուցելու ու Հայաստանում և Սփյուռքում առաջնորդներ կերտելու իր առաքելությանը։ Մենք կշարունակենք տրամադրել ռեսուրսներ, որպեսզի եկող սերունդները բարգավաճեն աշխարհի բոլոր անկյուններում: Մոտ ապագայի ծրագրերը նախագծելիս մենք հաշվի կառնենք Սփյուռքից եկող տարատեսակ տեսակետներն ու համապատասխանաբար կվերասահմանենք մեր առաջնահերթությունները:

Մեր առաջնահերթություններից մեկն արդեն հստակեցված է. Հայաստանին և հայ ժողովրդին անհրաժեշտ է մի հարթակ, որտեղ մասնագիտական վերլուծությունների օգնությամբ կխթանվի նախաձեռնողական դիվանագիտությունը և հետազոտությունները: Այս համատեքստում, մենք հպարտ ենք հայտարարել «ԱՊՐԻ Արﬔնիա» կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի մեկնարկի մասին։ Այն սկսել է գործել այս տարվա հուլիսից և ստեղծվել է խորը վերլուծությունների, քաղաքական դինամիկ երկխոսության և աշխարհաքաղաքական համատեքստում Հայաստանի դերը սահմանելու խիստ անհրաժեշտությունից: «ԱՊՐԻ Արմենիա»-ն ապակուսակցական հետազոտական կենտրոն և քաղաքականության աքսելերատոր է, որի գործունեության կենտրոնում են տարածաշրջանային կայունությունը, Հայաստանի կայուն բարեկեցությունը և խնդիրներին հստակ լուծում առաջարկելը։

Որպես զարգացող վերլուծական կենտրոն և քաղաքականությունների աքսելերատոր՝ «ԱՊՐԻ Արﬔնիա»-ի գործունեության շրջանակը ներառում է տարածաշրջանային կայունություն և կայուն բարգավաճում ապահովելու ուղիներ փնտրելն ու կոնկրետ խնդիրներին լուծում գտնելը: Ինստիտուտի առաջին աշնանային ֆորումը տեղի ունեցավ այս շաբաթվա սկզբին:

«ԱՊՐԻ Արﬔնիա»-ն, ինչպես և մոտիվացված անհատների կողմից ստեղծված շատ այլ հաստատություններ, կծառայի հայոց ազգային շահերին։ Վերցնենք, օրինակ, Հայաստանի ամերիկյան համալսարանը, որի հիմնադրման գործում առանցքային դեր է ունեցել ՀԲԸՄ-ի լուսահոգի նախագահ Լուիզ Մանուկյան-Սիմոնը: Այն դարձավ հետխորհրդային երկրներում ստեղծված արևմտյան դասավանդման ոճով առաջին համալսարանը։ Այն ժամանակ մենք բարձր նշաձող սահմանեցինք և շարունակում ենք այն պահել:

ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը բեկումնային նախաձեռնություն էր, որը Հայաստանի տեսանելիությունը բարձրացրեց աշխարհի ոչ հայկական համայնքներում։ Այն հիմնադրել են մեր սիրելի Սեմ և Սիլվա Սիմոնյանները: Մեր հայկական վիրտուալ քոլեջը միջազգային հարթակներում մեծ ճանաչում ձեռք բերեց և կիրառվում է որպես վիրտուալ ուսուցման հաջողված մոդել: Այն հիմնադրվել է մեր սիրելի դր. Երվանդ Զորյանի կողմից: Նրանցից յուրաքանչյուրը խորը արմատներ ունի ՀԲԸՄ-ում, և մենք հպարտ ենք բոլորի համար։

Ոգեշնչված անհատների կողմից ստեղծված այս ծանրակշիռ նախաձեռնությունները ցույց են տալիս, որ Սփյուռքը Հայաստանի ժողովրդի հանդեպ մեծ հավատով է լցված և ապավինում է համագործակցության ուժին՝ կերտելու փայլուն ապագա։

Միևնույն ժամանակ, մեր Կենտրոնական վարչությունն ակնկալում է, որ մեր տարածաշրջանային ներկայացուցիչների ուղղորդմամբ կկարողանանք ճանապարհ հարթել դեպի ՀԲԸՄ-ի նոր շրջափուլ։ ՀԲԸՄ-ի մեր գրասենյակները, մասնաճյուղերն ու Երիտասարդ արհեստավարժների խմբերը շարունակում են պաշտպանել մեր ազգային շահերը և աջակցել կարիքի մեջ գտնվող համայնքներին, իսկ այդ ընթացքում, Կենտրոնական վարչության անդամները, ՀԲԸՄ ջատագովների հետ միասին, իրենց ներդրումը կունենան տարատեսակ քննարկումներում և ֆորումներում, ինչպես այստեղ՝ Հայաստան կատարած իրենց այցի ժամանակ, այնպես էլ հետագայում՝ արտասահմանում։

Ես շնորհակալ եմ բոլորիդ այսօր մեզ միանալու և մեր կազմակերպության ծավալած գործունեության մի մասը լինելու համար: Ինչպես երևում է 2020 և 2021 թվականների մեր երկամյա զեկույցից, ինչպես նաև այսօր ներկայացված վկայություններից և այլ զեկույցներից, ՀԲԸՄ-ն իր տեսակով անընդհատ ընդլայնվող, սահմաններ չունեցող տիեզերք է:

Ես մեծ պատվի եմ արժանացել՝ 20 տարի նախագահելով ՀԲԸՄ-ում։ Այդուհանդերձ, երբ ամեն անգամ ինձ մոտենում է մի անծանոթ՝ երիտասարդ ուսանող, ով ստացել է ՀԲԸՄ կրթաթոշակ, կամ տաղանդավոր արվեստագետ, ով մեր օգնությամբ վերջերս ելույթ է ունեցել համաշխարհային բեմերից մեկում, ես անասելի հուզվում եմ՝ լսելով նրանց պատմությունները:

Ես անսահման երախտապարտ եմ ՀԲԸՄ-ի՝ աշխարհի տարբեր հանձնաժողովներում ծառայող մեր ներկայացուցիչներին իրենց նվիրվածության համար։ Դուք կրում եք ՀԲԸՄ-ի ոգին:

Այս վերջին երկու տարիները վհատեցնող և բարդ էին, բայց երբ տեսնում եմ, թե ինչ եռանդով են աշխատում մեր տեղացի կամավորներն ու ողջ անձնակազմը, ինչպես է աճում նվիրատուների ներգրավվածությունն ու համայնքային գործունեությունը, հավատով եմ լցվում, որ ՀԲԸՄ-ի ապագան լավ ձեռքերում է։

Միշտ հիշեք՝ սա այն կազմակերպությունն է, որի առաջին նախագահը՝ Պողոս Նուբարը, Սևրի պայմանագրի ժամանակ գլխավորելով Հայաստանի ազգային պատվիրակությունը, պաշտպանել է հայ ժողովրդի շահերը։ Սա այն կազմակերպությունն է, որն օգնեց վերապրել Հայոց ցեղասպանությունից հետո։   Սա այն կազմակերպությունն է, որը, չնայած բոլոր դժվարություններին, սովետական ժամանակաշրջանում կարողացավ ստեղծել ազգակենտրոն հաստատություններ, օգնել հայ ընտանինքներին հայրենադարձ լինել և աջակցել Հայ Եկեղեցուն։ Սա այն կազմակերպությունն է, որը երկրաշարժից  և արցախյան առաջին և երկրորդ պատերազմներից հետո անմիջապես մոբիլիզացրեց իր բոլոր ռեսուրսները՝ տրամադրելու մարդասիրական օգնություն։ Եվ, ի վերջո, սա այն կազմակերպությունն է, որը դժվարին իրավիճակներում կշարունակի ուղղորդել հայ ժողովրդին՝ գտնելու լուսավոր ուղին։

Ձեր աջակցությունն այս օրհասական իրավիճակում իսկապես անգնահատելի է: Շնորհակալ եմ ձեր առատաձեռնության, նվիրվածության և ՀԲԸՄ-ի հանդեպ տածած մեծ հավատի համար:

Այժմ, առավել քան երբևէ, հավատացած եմ՝ Միությունը զորություն է։

Առնչվող հղումներ :

AGBU